Հիսուն տարի անց… այս օրը կմնա մեր հիշողության մեջ


1969թ. վերջին զանգ

1969թ. վերջին զանգ

50 տարի անց

50 տարի անց

2019 թիվ, հոկտեմբերի 12… Հիսուն տարի անց Եղեգնաձորի թիվ 2 միջն. դպրոցի երրորդ շրջանավարտներն ավանդույթի համաձայն ոտք դրեցին հարազատ դպրոց, հնչեց դպրոցական զանգն ու արդեն հասուն, կայացած մարդիկ՝ ներշնչված օրվա խորհրդից զույգ-զույգ մտան դասարան, յուրաքանչյուրն զբաղեցնելով դպրոցահասակ տարիների իրենց տեղը: 

3

4

5

Մի պահ մանկացան ու մեկը մյուսին հերթ չտալով՝ վերհիշեցին իրենց վերջին դասն ու վերջին զանգը, դպրոցի տնօրինությանն ու երջանկահիշատակ մանկավարժներին, դրվագներ պատմեցին նրանց դասերից, ու յուրաքանչյուրը վերհիշեց Գաբրիելյանի, Ավետիսյանի ու Դավթյանի, Բեգլարյանի ու… բոլորի ականջ շոյող բարեմաղթանքները… Անահիտը, Գագիկն ու Լուսիկը, Սեդան ու Շավասպը, Էդիկն ու Հակոբը, Մելսիդան ու Զվարթը, Ռազմիկն ու Վոլոդյան, Հասմիկն ու Սաթիկը, Անահիտն ու Նունուֆարը… մեկիկ-մեկիկ արտասանեցին վերջին զանգին հնչած նրանց խոսքերը.

«Ձեզ այս տոնական օրվա հետ կապված մաղթում եմ անվտանգ, հիշարժան օր ողջ կյանքի ընթացքում», կամ էլ թե՝«Դարձե՛ք պիտանի մարդ ձեր ընտանիքի, պետության և հասարակության համար, իսկ Դավթյանի մայրական խոսքերը թերևս ամենատպավորիչն էին. «Ես մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն և բարեկեցություն, քանի որ յուրաքանչյուրի հաջողությամբ և երջանկությամբ է չափվում հասարակության ամրությունն ու բարեկեցությունը»   Սխալված չեմ լինի, որ ասեմ 50 տարի առաջ այս ցանկություններն ընկալում էինք որպես բարեմաղթանքի խոսքեր, բայց այսօր արդեն հասկանում ենք, որ դրանք կյանքում, մարդկային հարաբերություններում ամենակարևորն են:

… Ժամանակի թելադրանքով հրաժեշտ տվեցինք դպրոցին՝ միջոցառման երկրորդ մասը սկսելու համար: Խումբն արդեն համալրվեց «հարսն ու փեսաներով» ու շարունակվեց միջոցառումը բնության գրկում, սեղանների շուրջ: Բնականաբար նախ մեծ վշտով հիշեցինք անժամանակ կյանքից հեռացած մեր ընկերներին. Սեդային ու Էմիլին, Սասնիկին ու Ռաֆիկին…. աստված թող նրանց հոգին լուսավորի…

Սեղանի կառավարչի՝ Գագիկի առաջարկով ներկաները հանդես եկան, այլ կերպ ասած «հաշվետվությամբ» … Հերթով խոսեցին բոլորը. ուսումնական հաստատություն, աշխատանք, ընտանիք, թոռնիկներ, անգամ նաև ծոռներ… Այո՛, 50 երկար ու ձիգ տարիներ, որոնք լի են եղել հաղթահարելի ու անհաղթահարելի դժվարություններով ու նաև հաջողություններով, որոնց արդյունքում ձևավորվել են նոր ձեռքբերումներ, նոր խնդիրներ ու նաև նոր ավանդույթներ:

Թերթելով յուրաքանչյուրիս 50-ամյա պատմության էջերը, սխալված չեմ լինի, որ ասեմ այս պահին յուրաքանչյուրիս տեսադաշտում կինոժապավենի պես պտտվում են մանկության, դպրոցական տարիների հիշողությունները, որոնք անցյալը կապում են ներկայի հետ, իսկ ներկան արդեն խոսուն վկան է ապագայի: Ուրեմն թող բոլորիս ապագան լինի անհոգ: Դա է հաստատում անվերջ հնչող ուրախ երաժշտությունը, որը պարի է հրավիրում բոլորին, պարում են, պարում, վայելում ռիթմիկ և ուրախ հնչյունները, տեղ-տեղ էլ հուզմունքով իրար փարվում, որը վեր է ածվում հոգեթով հայացքների ու գգվանքի: Ակնհայտ երևում էր յուրաքանչյուրիս տոնական տրամադրությունը, այն տպավորիչ էր ու ակնահաճո: Իսկ միակ մասնակից թոռնիկը՝ Միլենան, իր անզուգական ձայնով, հոգեզմայլ երգերով նոր ջերմություն հաղորդեց բոլորիս: Ասվածի վկայությունն այն է, որ ժամեր անց մի շարք հրաժեշտի պարերից հետո սկսվում էր նորը, և մեծ դժվարությամբ ու ափսոսանքով միայն ուշ երեկոյան կարողացանք ազդարարել օրվա միջոցառման ավարտը՝ ակնկալելով նորանոր հանդիպումներ:

Շրջանավարտ Սվետլանա Դովլաթյան
«Վարդաձոր» մարզային թերթի խմբագիր

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ