ՀԱՐՍԱՆԵԿԱՆ  ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ  ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ  ԿԵՆԱՑ ԾԱՌԻ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՒՄ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ  ԷՋԵՐԻՑ

Հայկական զարդարվեստն ունենալով հազարամյակների պատմություն և զարգանալով ու բազմաբնույթ պատկերներ ընդունելով, դարերի ընթացքում իր մեջ մարմնավորել է այն բոլոր իղձերն ու երազանքները, որոնք արտահայտվել են ժողովրդական բանահյուսության մեջ: Դրանցում յուրահատուկ տեղ է հատկացվել հարսանեկան արարողակարգին: Ուսումնասիրելով զարդարվեստի տարբեր պատկերներ, հանգում ենք այն եզրակացության, որ հարսանիքի տեսարանները, ամուսնացող զույգի սիմվոլները ավելի շատ արտահայտվել են կենաց ծառի մոտիվներում: Սովորաբար կենաց ծառի միջնամասում պատկերվում են հարսի ու փեսայի պատկերները` կենաց ծառի սաղարթով, որն ավարտվում է պտղաբերության սիմվոլներով կամ ապագա մանկան պատկերով` որպես պտղաբերության խորհրդանիշ: Նման նկարներում տեսնում ենք մարդկային կյանքի համապատասխան հասկացությունները` հայր, մայր, զավակ, այն ուժերը, որոնք պայմանավորում են կենաց ծառի հավերժության գոյությունը: Զարդարվեստում պսակի տեսարանում տեսնում ենք կենտրոն գլուխ գլխի կանգնած հարսն ու փեսան, նրանց կողքին քավորն ու քահանան: Քավորի ձեռքում կենաց ծառ է լինում, որ դրսևորում է ընտանիքի գաղափարը:

Հարսանեկան կենաց ծառերը սիմվոլներ են, որոնք մարմնավորում են հարսին ու փեսային, նրանց հարազատներին ու բարեկամներին: Հ.Աճառյանը գրում է. «Կը ներկայացնե փեսային գերդաստանը, իսկ վրան շարված խնձորները անոր հարակից զանազան անձնավորությունները… /Հ. Աճառյան,- Հայերեն գավառական բառարան, Թիֆլիս 1913, էջ 1067-1068/: Փառաբանել այս ծառը` նշանակում է փառաբանել հարսանիքի մասնակիցների միասնությունը, նրանց բարեկամական սերտ կապերը:

Հայտնի է, որ աղջկա տանը պատրաստվող կենաց ծառի վրա բացակայում էր ամենադալար վերնաճյուղը /«հարս եմ գնում, տանից հեռանում…»: Տվյալ դեպքում աղջկա հոր տանը պատրաստված կենաց ծառը, դուրս գալով ընտանեկան նեղ շրջանակներից, արտահայտում է նրա հայրական տոհմի գաղափարը: Կարելի է եզրակացնել, որ տղայի տանը պատրաստվող կենաց ծառի վրա ամենադալար վերնաճյուղը երկուսն են, որ խորհրդանշում են հարսին ու փեսային, իսկ նրանց շուրջ բոլորված մյուս դալար ճյուղերը ազապներն են ու մյուս երիտասարդ հարազատները, չնայած այդ մասին մեր ուսումնասիրությունները չեն կարող այս կարծիքը հաստատել կամ մերժել:

Զարդարվեստի մոտիվները այնքան հարուստ և միմյանց հետ շաղկապված կենսական հարցեր են ընդգրկում, որ մեկի բացահայտումը մատնացույց է անում մյուսի ով լինելը: Հարսի ու փեսայի գաղափարներից անցում անելով ծնող-զույգի գաղափարին, հանգում ենք ընտանիքի, գերդաստանի, տոհմի գաղափարին, որոնք էլ զարդարվեստում առաջ են բերում խորանների և կիսախորանների գաղափարները: Իր հերթին, կենաց ծառը միշտ նկատի ունի ծնող-զույգի և զավակի իմաստը, որոնք ներկայացվում են որպես մեկ օրգանական ամբողջություն: Զարդարվեստում չկա բովանդակությունից զուրկ երկրաչափական մոտիվներ: Դրանք բոլորն էլ ունեն իրենց կոնկրետ սկզբնաղբյուրը, իրենց ծագման նյութական հիմքը` բնությունը` իր օրգանական և անօրգանական աշխարհով: Կենաց ծառի պատկերները հայ /և ոչ միայն հայ/ զարդարվեստում հանդես են գալիս անոթի, քառակուսու, քառանկյան, շրջանագծի տեսքով: Սակայն այն առավել շատ հանդես է գալիս եռանկյան և խաչի տեսքով, ինչը ինքնին հասկանալի է: Չէ որ եռանկյունը մարմնավորել է ծնողներին և զավակին, իսկ քրիստոնեական քարոզիչները այդ հիմքում դրել են Հայր Աստծո, Որդու և Սուրբ Հոգու գաղափարները, որից անբաժան են դառնում խաչի տեսքով կենաց ծառի պատկերները;

 Գլաձորի համալսարանի պատմության թանգարանի ցուցափեղկերում ներկայացված շատ զարդապատկերներ կենաց ծառ, խորան և կիսախորան են արտահայտում, որ գաղափար է տալիս միջնադարի կրթական այս համալիրում իշխող նկարչական արվեստի ուղղություններից մեկի մասին: Դրանք շատ վառ գունավորմամբ գեղեցիկ ձևավորված պատկերներ են, որոնք անբաժան են հայ մշակույթում մինչև այդ գերիշխող զարդարվեստի մոտիվներից:

Կենաց ծառի գաղափարախոսությունը ամուր արմատներ է գցել մեր ժողովրդի մեջ: Այն իր տեղն ունի նաև ժամանակակից հարսանեկան արարողակարգում` փոփոխված ձևով, սակայն անկախ մեր իմացությունից, մենք կենաց ծառ ենք զարդարում և այն իղձերն ու երազանքները, որ կապում ենք նորաստեղծ ընտանիքի հետ, իր արմատներն է առնում խոր անցյալից, պահպանելով նրա միտքն ու ոգին: Ժամանակակից հարսանեկան կենաց ծառը որպես պտղաբերության սիմվոլ դիտարկելով, առավել շատ մրգերով ենք ձևավորում` մատնանշելով մեր հարազատներին ու նրանց միասնությունը, ավելացնելով տարատեսակ քաղցրավենիքներով, որպես թե նորաստեղծ ընտանիքի քաղցրությունը բազմապատկվի:

Զարդարվեստի մոտիվները տարաբնույթ են, նրանցից յուրաքանչյուրը ունի իր գաղափարախոսությունը, դերն ու նշանակությունը և հարկ է, որ ամեն ոք կարողանա այդ հարուստ բնագավառից օգտվել, օգտագործել ու բազմապատկել, մեզանից հետո եկող սերնդին թողնել լավագույն գործերն ու երազանքների իրականացումը:

Բորիս  Քոչարյան

«Գլաձորի համալսարան» պատմամշ.

արգելոց-թանգարանի վարիչ

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ